ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Եթե որոշ երկրներում գարեջուրը «շառ» է, Հայաստանում «խեր» է

Եթե որոշ երկրներում գարեջուրը «շառ» է, Հայաստանում «խեր» է
24.11.2017 | 05:52

«Վերջապես կունենանք կայուն աշխատավարձ: Եթե մարդուն աշխատանք տան, իրանց գործը ավելի հեշտ կլինի՝ մարդիկ չեն բողոքի: Էս մարդկանց արևը ապրի, վերջապես ըրեխեքս աշխատանք ունեցան»,- մեզ հետ զրույցում այսպես էին գնահատում դիլիջանցիները նոր գործարանի բացումը: Եվ այսպես, տնտեսական դաշտում 2017-ի նոյեմբերի 21-ը կարևորվեց Դիլիջանում «Դիլիջան» գարեջրի գործարանի բացմամբ: Ներդրումային այս ծրագիրը չէր կարող աննկատ մնալ, քանի որ այս տարվա օգոստոսից՝ գործարանի գործարկման պահից մինչ այժմ արտադրվել է 430 հազար շիշ գարեջուր՝ 130 մլն դրամ արժողությամբ:


Եթե նկատենք, որ այս գործարանի արտադրանքն առաջիկայում կարտահանվի Ռուսաստան, Վրաստան, եվրոպական երկրներ, դրա հետ մեկտեղ կարտադրվի ոչ ալկոհոլային գարեջուր, արտահանելով այն իրանական շուկա, ապա պետք է ենթադրել, որ գործարանն ունի զարգացման ռազմավարական հստակ ծրագիր: Նման գործարանի անխափան ընթացքը Հայաստանի տնտեսության ակտիվացման գործում կարող է ունենալ իր լուրջ լուման: Գաղտնիք չէ, որ տնտեսության «ողնաշարի» ամրապնդումը բուն արտադրությունն է, այս տեսանկյունից է նաև, որ կառավարությունը կարևորում է ներդրումային ծրագրերը:
Ի դեպ, «Դիլիջան» գարեջրի գործարանի գործարկումը ներդրող-կառավարություն համագործակցության լավագույն օրինակ կարելի է համարել: Գործարանի սեփականատեր, «Կիլիկիա» գործարանի համանախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը ներդրման զգալի մասը՝ 60 %, կատարել է սեփական գրպանից (40 %-ը վարկային գումար է, ընդհանուր առմամբ ներդրվել է 2,5 մլրդ դրամ): Գործարարի այս մոտեցումը կառավարությունն անպատասխան չի թողել. հակադարձ քայլով նպաստել է ծրագրի իրականացմանը՝ երեք տարի ժամկետով հետաձգել է ԱԱՀ-ի վճարը գործարանի համար ներմուծվող որոշ սարքավորումների համար:


Գործարանը հագեցած է արդի սարքավորումներով, ըստ փորձագետների՝ «Դիլիջան» գարեջրի համային հատկանիշները մոտ են գերմանականին: Սա նկատի ունենալով կարելի է ասել, որ ներդրողի գաղափարը՝ արտադրել չեխական, գերմանական գարեջրի համային հատկանիշներով գարեջուր, իրականացվել է: Տնտեսության ակտիվացման գործընթացում սա, թերևս, ամենագլխավորն է, քանի որ, մի կողմից, միջազգային շուկայում Հայաստանը կարող է լինել պահանջարկված, մյուս կողմից, տեղական շուկայում ևս պահանջարկը կապահովվի գնի հաշվին: Այս ամենը ինքնին կնպաստի արտադրության ծավալների աճին, ինչը դրական ազդեցություն կունենա ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական առումով՝ կստեղծվեն նոր աշխատատեղեր: Եթե այս պահին գործարանում աշխատում է 90 մարդ (ամռան շրջանում աշխատել է 100-ից ավելի)՝ 100 հազար դրամ միջին աշխատավարձով, ապա, արտադրության ծավալների աճին զուգընթաց, ակնկալվում է նոր աշխատատեղերի բացում: Իսկ սոցիալական լարվածությունը մեղմելու լավագույն տարբերակը մարդկանց աշխատանքով ապահովելն է:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2644

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ